«ՍԹԱՐ» առևտրային ցանցն արձագանքել է NEWS.am-ի օգոստոսի 26-ի հրապարակմանը, ըստ որի, Նորքի 7-րդ զանգվածի Ավետիսյան 48/1 հասցեում գտնվող «ՍԹԱՐ» սուպերմարկետից գնված մանկական փափուկ խաղալիքի հետ ակցիայի շրջանակում գնորդին նվիրել են տեսասկավառակ, որի վրա եղել է չորս ֆիլմ էրոտիկ տեսարաններով։
«ՍԹԱՐ» առևտրային ցանցը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ տեսասկավառակներում զետեղված չորս ֆիլմերը պատկանում են դրամա, մելոդրամա ժանրերին: Սակայն ընկերության աշխատակիցների անփութության պատճառով դրանք փաթեթավորվել են մանկական խաղալիքների հետ:
«Տեղեկացնում ենք նաև, որ համապատասխան աշխատակիցները կենթարկվեն պատասխանատվության, իսկ տեսասակավառակներն արդեն դուրս են բերվել վաճառքից»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
«ՍԹԱՐ»-ը հայցում է բոլորի ներողամտությունը պատճառած անհանգստության համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, խանութում գործող ակցիայի շրջանակում փափուկ «դինոզավրիկի» հետ վաճառողները գնորդին նվիրել էին տեսասկավառակ, որի վրա 4 ֆիլմ է եղել՝ բաց (այդ թվում՝ միասեռական) տեսարաններով։





























