Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինային վիրավորելու վերաբերյալ քրեական գործը «ուժային» բնույթ է ձեռք բերում: Դրա գլխավոր գործող անձի՝ ռուսաստանցի գեյերի առաջնորդ Նիկոլայ Ալեքսեեւի բնակարան օգոստոսի 27-ին ներխուժել են քննիչները՝ խուզարկելով բնակարանը: Ընդ որում՝ նրանք քաղաքացիական հագուստով են եղել:
Նիկոլայի խոսքով՝ քննիչները չեն հստակեցրել, թե հատկապես ինչ է իրենց պետք, միայն պահանջել են դուռը բացել: Մերժում ստանալով՝ սկսել են կոտրել դուռը, փոխանցում է GayRussia.eu կայքը:
«ՌԻԱ Նովոստիին» Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ալեքսեեւի բնակարանի խուզարկումն արտոնված է եղել: Life News-ի իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ այնտեղ են նաեւ ՆԳՆ-ի աշխատակիցները:
Հիշեցնենք, քրգործը հարուցվել էր «Զրպարտանք», «Վիրավորանք իշխանության ներկայացուցչի հասցեին» հոդվածներով: Առիթ էին հանդիսացել պատգամավորներ Ելենա Միզուլինայի եւ Օլգա Բատալինայի մասին համացանցում տեղադրված հրապարակումները: Այս պատգամավորների ջանքերով էր Պետդուման ընդունել «հակագեյ» օրենքը: Հարցաքննության էին ենթարկվել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, լրագրող Օլգա Բակուշինսկայան եւ ԼԳԲՏ ակտիվիստուհի Ելենա Կոստյուչենկոն, նաեւ՝ նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը:




























