Փաստաբանների պալատի արտաքին խնդիրներից է առեւտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտներից փաստաբանների հարկման ռեժիմի իդենտիֆիկացիան: Այս մասին օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Զոհրաբյանը:

Փաստաբանների Պալատի արտաքին խնդիրների թվում նա ընդգծել է նաեւ փաստաբանների պրոֆեսիոնալ պրակտիկան վերահսկելու պետության ձգտումը, արդարադատության իրագործման ընթացքում առաջցող դժվարությունները եւ դատական անկախության ապահովումը, որոնք խոչընդոտում են փաստաբանների պրոֆեսիոնալ պարտականությունների իրականացմանը:

«Պալատի ներքին խնդիրների թվում են հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, ինչը, բնականաբար, անդրադառնում է տրամադրվող ծառայությունների որակի վրա: Բացի այդ, մարզերում եւ շրջաններում Փաստաբանների Պալատի ներկայացուցչական գրասենյակների կամ համակարգողների բացակայությունը, ինչը սահմանափակում է գործունեության արդյունավետությունը»,-նշել է Արա Զոհրաբյանը, հավելելով, որ խնդիրների թվում է եւ այն, որ օրինաստեղծ գործունեությունում փաստաանների մասնակցության մակարդակը բավականին ցածր է: Եվս մեկ խնդիր է այն, որ որոշ փաստաբաններ չունեն բավարար մասնագիտական հմտություններ եւ գիտելիքներ: