Համաձայն չեմ այն կարծքի հետ, որ ոստիկանները գործել են օրենքից դուրս Կոմիտաս 5 հասցեում:  Այդ մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասացԵրեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպերին եւ ոստիկանների պահվածքին։

Անդրադառնալով ակտիվիստի պարանոցին հպված ոստիկանին՝ Վ. Օսիպյանը նշեց, որ ոստիկանի պնդմամբ ինքը նման բան չի արել: Վ. Օսիպյանի խոսքով` այդ պահին փորձել են ոստիկանի ուսադիրները պոկել եւ նա էլ առաջ է եկել, դա էլ պատճառ է  դարձել այդպիսի խոսակցությունների համար:

Վ. Օսիպյանը նաեւ ասաց, որ չի տիրապետում այն տեղեկատվությանը, որ այս օրերին ոստիկանների կողմից հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ։ «Նման  ոչ մի տվյալների չեմ տիրապետում, իսկ տեսանյութերը չեմ դիտել»,- ասաց Վ. Օսիպյանը՝ խոստանալով տեսանյութերն ունենալու դեպքում անպայման անդրադառնալ դրանց, իսկ եթե տեսանյութերում նկատվեն նման դեպքեր, ապա ոստիկանները կպատժվեն։