Երեւանի պետական համալսարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստուգումներ չեն իրականացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նա նշեց, որ ԵՊՀ-ի  ֆինանսական հաշվետվությունները ամեն տարի ստուգվում են, այժմ էլ ստուգումներ են, իրենք են դիմել Դատախազությանը` ստուգելու նպատակով` կապված երկու հաշվապահների զանցանքների դեպքի հետ: «Այդպիսի ստուգում վարչապետի կողմից մեզ մոտ չի իրականացվում»,- ասաց ռեկտորը:

Ինչ վերաբերում է ծանոթ-բարեկամներին հաստիքացուցակներում գրանցելուն, համալսարանի տարածքները օտարելուն, ապա Արամ Սիմոնյանն ասաց, որ ԵՊՀ-ում նման բաներ չկան: «Թող նայեն, տեսնեն, համոզվեն, որ համալսարանում այդպիսի բաներ չկա: Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ոչ մի տարածք մենք չենք օտարել, ոչ մի տարածք վարձակալությամբ չենք տվել, ընդհակառակը` համալսարանը աշխատում է այդպիսի բաներ չանել: Մենք այդ հարցով շատ խիստ ենք, չունենք այդպիսի աշխատողներ, բարեկամներին բերենք հավաքենք այստեղ: Ընդհակառակը` ռեվիզիա ենք արել անցյալ տարի եւս, նույնիսկ գիտական թեմաներով չենք թողնում, որ մարդիկ իրենց բարեկամներին բերեն, ո՞ւր մնաց հաստիքների վրա բերենք դնենք հարազատներին, բարեկամներին, այդպիսի բան գոյություն չունի, շատ հանգիստ ենք այդ հարցում»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված մեկ այլ տեղեկություն, թե ԵՊՀ-ում պահանջում են նոր ընդունվածների ուսման վարձի մի մասը վճարել մինչեւ սպետեմբերի 6-ը, երբ նախկինում այդ ժամկետը մինչեւ սեպտեմբերի 15-ն էր, ռեկտորն ասաց, որ կա պետության կողմից օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետ:

«Մինչեւ ամսի 6-ը դրել ենք առաջին շրջանը, որ ստուգենք, տեսնենք, ով է վճարել, բայց կա երկշաբթայա ժամկետ, դա օրենքով է կարգավորվում: Եթե ամեն մի անգրագետ գալիս է, ձեր մոտ բողոքում է, զգուշացրեք, որ օրենք գոյություն ունի»,- նշեց Արամ Սիմոնյանը:

Նշենք, որ «ՉԻ» տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ հայաստանյան հայտնի բուհերը հայտարարել են, թե բարձրացնում են ուսման վարձերը, որովհետեւ այլեւս չեն կարողանում դուրս գալ բուհի ծախսերի տակից, ինչպես նաեւ արժանվույնս վարձատրել բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին, հետեւել է կառավարության արձագանքը՝ ստուգումների տեսքով։ «Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր վերահսկողության ծառայությանը հրահանգել է մտնել բուհեր եւ ստուգել նրանց ֆինանսական հաշվետվությունները։ Գործընթացի հենց սկզբում բավականին աղաղակող փաստեր են գրանցվել։ Նախ պարզվել է, որ որոշ բուհերում կան հաստիքացուցակներ, որտեղ ներառված մարդիկ բուհի ղեկավարության ծանոթ–բարեկամներն են, ովքեր չեն աշխատում այնտեղ, բայց գրանցված են որպես աշխատողներ, եւ բավականին լուրջ գումարներ են ստանում աշխատավարձերի տեսքով: Այնուհետեւ պարզվել Է, որ որոշ բուհեր օտարել են բուհի սեփականություն համարվող տարածքները։ Բանն այն Է, որ բոլոր պետական բուհերն ունեն հողատարածքներ, եւ բուհերին արտոնություն է տրված, համաձայն որի՝ այդ հողատարածքների համար նրանք հողահարկ եւ գույքահարկ չեն վճարում։ Բուհերի ղեկավարությունը կարող Է այդ տարածքների վրա բիզնես կազմակերպել եւ այդտեղից առաջացած կամ գոյացած գումարները ուղղորղել դեպի բուհը, այլ ոչ թե անձնական գրպանները։ Կառավարության համապատասխան ստուգումները նախ բացահայտել են, որ այդ բիզնեսները սպասարկում են բացառապես բուհերի ռեկտորներին, ապա եղել են դեպքեր, երբ բուհի ռեկտորը օտարած Է եղել բուհի սեփականությունը, այսինքն՝ հողակտորը վաճառված Է եղել, գումարն Էլ՝ գրպանված»,– գրում է թերթը։