Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ժան-Էլի Մալկինին։ Ողջունելով հյուրին, Դերենիկ Դումանյանը բարձր է գնահատել գրասենյակի ջանքերը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եւ կանխարգելման ուղղությամբ։ Նա միաժամանակ նշել է, որ թեեւ արդյունքներն ակնհայտ են, սակայն դեռեւս շատ անելիքներ կան։
Ժան-Էլի Մալկինը եւս ընդգծել է Հայաստանի ձեռքբերումները ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին հակազդման գործում` առանձնացնելով հատկապես այն, որ իրականացված միջոցառումների շնորհիվ 2007-ից ի վեր վարակակիր մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման որեւէ դեպք չի արձանագրվել, իսկ 2001-ից ի վեր չի եղել դոնորական արյան միջոցով փոխանցման ոչ մի դեպք: Նրա կարծիքով տարածաշրջանում շահեկան դիրք ունենալուն նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ կանխարգելիչ աշխատանքները հավասարապես կիրառվում են ինչպես Երեւանում, այնպես էլ` մարզերում։
Ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր ռազմավարությունը, ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նշել է, որ ծրագրի նոր փուլ է սկսվել, ինչը ենթադրում է բուժման առաջնահերթությունն ամբողջ աշխարհում։ Այն դիտարկվում է ոչ միայն անհատի առողջացման, այլեւ հիվանդության հետագա տարածման կանխարգելման արդյունավետ միջոց։ Ժան-Էլի Մալկինը նշել է, որ այս առումով դեռեւս լուրջ անելիքներ կան նաեւ Հայաստանում։
Իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ հաշվարկային տվյալներով Հայաստանում կա շուրջ 3 500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ։ Հիմնական խոցելի խումբը ներկայումս աշխատանքային միգրանտներն են` կազմելով 2012թ. գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի 60 տոկոսից ավելին։
Ժան-Էլի Մալկինը հիշեցրեց, որ 2012-ի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության հետ կնքված հուշագրի արդյունքում ՄԱԿ-ի Միացյալ ծրագիրը Հայաստանում իրականացնում է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ եւ հարակից վարակների (սեռավարակներ, հեպատիտներ) հակազդման 2013-2015թթ. ծրագիրը: Այն նախատեսվում է իրականացնել տարածաշրջանի չորս երկրներում` Հայաստանում, Կիրգիզիայում, Տաջիկստանում եւ Ուզբեկստանում: Բացի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրերի իրականացմանն աջակցելուց ծրագրի հիմնական բաղադրիչներն են ՄԻԱՎ եւ հարակից վարակների համաճարակաբանական հսկողության համակարգի ամրապնդումը կանանց եւ երեխաների, միգրանտների, ինչպես նաեւ բնակչության խոցելի այլ խմբերում:
Տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նախարարին նաեւ ներկայացրել է, որ դեռ մեկ տարի առաջ, գնահատելով ծրագրի աշխատանքները, ՄԱԿ-ում որոշում է կայացվել կովկասյան երեք հանրապետությունում փակել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տեղական գրասենյակները։ Իսկ դա ենթադրում է տարածաշրջանային գրասենյակի ուղղակի համագործակցություն ազգային կառավարությունների հետ։ Նախարար Դումանյանը վստահեցրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվորեն աշխատել կարեւոր այդ ծրագրի իրականացման ուղղությամբ։ Ծրագիրն այժմ ամբողջությամբ ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Գլոբալ հիմնադրամի կողմից։ 2015-ից ֆինանսական այդ աջակցությունը կավարտվի, եւ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար հարկ կլինի մի կողմից ՀՀ կառավարության կողմից ավելացնել բյուջետային հատկացումները, մյուս կողմից` նոր դոնորներ ներգրավել։
Այնուհետեւ քննարկվել են ՄԱԿ-ի նոր ռազմավարական ծրագրի իրականացման ուղղությամբ մի շարք մանրամասներ։
Նախարարը տեղեկացրել է, որ առողջապահական խնդիրները գտնվում են Հայաստանի Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում, եւ այժմ լուրջ բարեփոխումներ են սկսվում բժշկական օգնության որակի բարելավման, ֆինանսական, կառուցվածքային, կադրերի պատրաստման եւ այլ ուղղություններով։
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրենը աջակցության իր պատրաստակամությունը հայտնել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում։





























