Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում թմրանյութ հայտնաբերվելու դեպքի առթիվ շրջանառվող երեք անձանցից միայն մեկ է այդ դպրոցի աշխատակից, մյուսները կապ չունեն դպրոցի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանը:

Նա նշեց, որ այս գործի շրջանակներում ներգրաված մյուս անձանց`Կարեն Հ.-ին եւ Թաթուլ Թ.-ին, պարզապես դեմքով ճանաչում է որպես կապանցի: Իսկ բերման ենթարկված 63-ամյա Անդրանիկ Թ-ն արդեն 6 տարի է` իրենց դպրոցում է աշխատում` որպես պահակ: «Մեծ մարդ է, պապիկ է, թոռներ ունի, գալիս էր իր գործին, գնում, երբեւէ ինչ-որ տարօրինակ բան չեմ տեսել, նորմալ աշխատում էր, այսքան տարիների ընթացքում չեմ տեսել, որ նա նման հետաքրքրություններ ունենա, թմրանյութ օգտագործի: Պահակ մարդ էր, գալիս էր իր սմենին, աշխատում էր ու գնում»,- ասաց տնօրենը:

Նա նշեց, որ այս դեպքի հետ կապված մանրամասների չի տիրապետում, իրեն որեւէ բան չի հայտնել, չգիտի, թե ինչպես են դպրոցի սենյակում թմրանյութ պատրաստել եւ օգտագործել: Էդիկ Բեգլարյանը պատմեց, որ իրեն ընդամենը օգոստոսի 24-ի երեկոյան զանգահարել են եւ հայտնել, որ աշխատակցին տանում են: 

Տնօրենը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը պահակին ազատել է  աշխատանքից թերացումների համար, քանի որ սահմանված ժամին աշխատավայրում չի եղել, դրանից բացի` նրա կենսաթոշակի տարիքն է: Այս դեպքից հետո նա չի տեսել աշխատակցին, ոչ էլ խոսել է միջադեպի թեմայով:

Տնօրենը նաեւ իր զարմանքը հայտնեց, թե ինչպես է դասասենյակում հայտնաբերվել ներարկիչ, ասեղներ, որովհետեւ բոլոր դասասենյակները փակ են, հավաքարարները բոլորը մաքրել են եւ որեւէ բան չէին հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ «Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 24-ին, ժամը 21.05-ին,  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկից, թմրամիջոց ապօրինի պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1968 թ. ծնված Կարեն Հ.-ն եւ 1966 թ. ծնված Թաթուլ Թ.-ն, իսկ  դասասեղանների վրա հայտնաբերվել են 5 մլ տարողությամբ չօգտագործված 4 ներարկիչ` ասեղներով, 10 մլ տարողությամբ չօգտագործված  ներարկիչ` ասեղով, 10 մլ տարողությամբ օգտագործված, առանց ասեղի  ներարկիչ` մուգ դարչնագույն զանգվածով, բամբակի խծուծ, քերված կողային մասերով տասը տուփ լուցկի, յոդի դատարկ սրվակ, օգտագործված շեղբ, ապակյա թափանցիկ սրվակ` մուգ դարչնագույն հեղուկով եւ սեւ  զանգվածով, 5 լ տարողության կիսով չափ ջրով լցված պլաստմասե դույլ, որի մեջ առկա է ջրատաքացուցիչ, 1,5 լ տարողությամբ պլաստմասե շիշ`  մոտ 300 մլ, բենզինի հոտով հեղուկով` սպիտակ փոշենման նստվածքով, եւ «պիրալգին» տեսակի դեղահաբի 2 դատարկ տուփ:

Կարեն Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, անձամբ է պատրաստել եւ պատկանում է իրեն: Նյութերի նախապատրաստման ընթացքում Կարեն Հ.-ն բացատրություն է տվել նաեւ, որ  զանգահարել է ընկերոջը` Թաթուլ Թ.-ին, եւ  կանչել նշված դասասենյակ` իր  պատրաստած թմրամիջոցից վերջինիս հյուրասիրելու նպատակով:

Կարեն Հ.-ի եւ Թաթուլ Թ.-ի` նշված դպրոց մուտք գործելու հանգամանքները  պարզվում են:

Դպրոցի պահակը` 1950 թ. ծնված  Անդրանիկ Թ.-ն, բերման է ենթարկվել բաժին:Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: