Հանրապետության հրապարակում փուչիկներ վաճառող 25-ամյա Արսեն Ս-ն, ով հայտարարել էր, թե Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը հուլիսի 16-ին, իրեն հարվածել է. ոստիկանությունից հետ է վերցրել իր բողոքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Ս-ն:

Իր այդ քայլը նա այսպես բացատրեց. «Շատ էին քաշքշում, անընդհատ կանչում էին բաժին, ես էլ բաժին գնալ չեմ սիրում, սաղ կյանքս իմ քրտինքով եմ աշխատել, դրա համար հրաժարվեցի: Հետո, ոչ մեկ կողքս չէր կանգնել, դրա համար հետ վերցրի դիմումս»,- ասաց երիտասարդը:

Նա նշեց, որ այժմ փուչիկներ չի վաճառում, հագուստ է վաճառում տարբեր շուկաներում: «Ես իրեն ասացի, որ էլ փուչիկ չեմ ծախի, ինքն էլ ասաց, որ ուրեմն որ շուկա  մտնես, առեւտուր անես, իմացիր` մեջիքդ, կողքդ կանգնած եմ, Առեւտրի վարչության պետն է ինձ ասել»,- պամեց Արսեն Ս-ն:

Նրա խոսքով` այժմ, երբ Առեւտրի վարչության պետը իրեն տեսնում է, «ասում է` ո՞նց ես, այ էս ձեւի է խոսում, էլ ոչ մի բողոք չունեմ իրենից»: Երիտասարդը վստահեցրեց, որ բողոքը հետ վերցնելու համար իրեն ոչ ոք գումար չի տվել: 

Ավելի վաղ Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ հուլիսի 16-ին ժամը  23.45-ին մի քաղաքացի է զանգել եւ ասել, որ հրապարակում ծեծի են ենթարկել փուչիկ ծախող մի քաղաքացու: Մեկնած խումբը պարզել է, որ  23.00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում առեւտրի շուրջ ծագած վիճաբանություն է եղել, Արման Ե-ն ձեռքով հարվածել է 25-ամյա Արսեն Ս-ի գլխին: Ոստիկանությունը ահազանգ ստացել է նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ Արսեն Ս-ն վնասվածքով տեղափոխվել է իրենց մոտ` բուժօգնություն ստանալու նպատակով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից նաեւ հայտնել էին, որ Արման Ե-ն հրավիրվել է բաժին, բացատրություն տվել, իսկ տուժածին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հանգամանքները պարզվում են, ոստիկանության կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում: Դրանից հետո Արսեն Ս-ն մեզ հետ զրույցում պատմել էր. «Գլխիս հեռախոսով թեթեւակի հարվածել է, մի հատ էլ բռունցքով է խփել ու հայհոյել է: Ես իմ գլխին ցավ եմ զգացել, խփելուց հետո ես ուշքից գնացել եմ, էն եմ ջոկել, որ սկորիի մեջից իջնում եմ արդեն հետ տված»: