«Արզական-Երեւան» խոշոր ջրատարի վրա վթարականխարգելիչ ու դրա հետ կապված շինարարական աշխատանքները մայրաքաղաքում ավարտվել են օգոստոսի 28-ին՝ վաղ առավոտյան: Ինչպես տեղեկացրել է «Երեւան Ջուր» ընկերության «Արեւմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանը, աշխատանքները սկսվել են օգոստոսի 27-ին ժամը 10-ին եւ շարունակվել նաեւ գիշերը՝ գրեթե 24 ժամ: Միայն հաջորդ օրն առավոտյան՝ ժամը 6-ին են դրանք ավարտվել, որից անմիջապես հետո ձեռնարկվել են միջոցներ ջրամատակարարումը վերսկսելու նպատակով:

Ինչպես արդեն հայտարարվել էր, նշված ջրատարի կանգառով պայմանավորված, 36 ժամով դադարեցվել էր ջրամատակարարումը Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա եւ Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաեւ Կոտայքի, Արարատի ու Արմավիրի մարզի Երեւանին հարակից մի շարք համայնքներում:

Այդ ընթացքում Զովունի գյուղից մինչեւ Արգավանդ ու Գեղանիստ գյուղեր ընկերության Խմելու ջրի արտադրության ու տեղափոխման ծառայության, «Մաշտոց» ու «Շահումյան» շահագործման տեղամասերի ուժերով, ինչպես նաեւ Տեխնիկական տնօրինության օժանդակությամբ  համապատասխան մասնագետների ու տեխնիկական միջոցների ընդգրկմամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 12 անուն տարաբնույթ աշխատանքներ:

Նման լայն աշխարհագրությունն ու միջոցառումների բազմազանությունը բացատրվում է նրանով, որ ջրատարների կանգառի դեպքում, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ընկերության բոլոր շահագրգիռ ծառայությունները լուծում են բաշխիչ ցանցում այդ ընթացքում կուտակված խնդիրները, դրանով իսկ բացառելով ջրամատակարարման լրացուցիչ կանգառներն ու նվազագույնի հասցնելով սպառողներին պատճառվող անհանգստությունը:

Ներկայումս նշված տարածքներում տարվում են բաշխից ցանցի կարգաբերման աշխատանքներ, նպատակ ունենալով հայտարարված ժամկետից շուտ՝ օգոստոսի 28-ի երկրորդ կեսին վերականգնել սպառողների ջրամատակարարումը համաձայն գործող ժամանակացույցի: