Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի կարգադրությամբ` ՃՈ աշխատակիցները տուգանել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սպասարկող «գոլդ» համարանիշներով մեքենաների օրինախախտ վարորդներին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արսեն Արշակյանը:
Նա նշեց, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի քանի «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների վարորդներ իրենց տրանսպորտային միջոցները կայանել են չթույլատրելի հատվածում: Մասնավորապես, BMW X6 մակնիշի 60 ՕԼ 006, BMW X6 մակնիշի 60 ՕQ 006, Bentley մակնիշի 60 QQ 006, Toyota Land Cruiser 60 PՍ 006 համարանիշներով մեքենաները գտնվում էին Մաշտոցի Փակ շուկայի հարեւանությամբ` Մաշտոց-Խորենացի փողոցից դեպի Իսակովի պողոտա ընկած հատվածը:
Խախտում կատարած վարորդները ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի աշխատակիցներն էին, իսկ նշված տրանսպորտային միջոցները սպասարկում են Ս. Ալեքսանյանին: «Վարչական պատասխանատվության է ենթարկվում ոչ թե մեքենայի սեփականատերը, այլ այն վարորդը, որը խախտում է երթեւեկության կանոնները: Անկախ նրանից` մեքենայի սեփականատերն ով է, տվյալ պահին խախտում կատարած վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Տվյալ պահին այդ մեքենաների վարորդները կարգը խախտել են, եւ ենթարկվել են վարչական պատասխանատվության: Աշխատակիցները ինձ զեկուցել են, որ բոլոր մեքենաների վարորդը եղել են տեղում, որեւէ մեկը չի ընդդիմացել, ներկայացրել են իրենց վարորդական իրավունքի վկայականը եւ մեքենայի տեխնիկական անձնագիրը, ստուգել են փաստաթղթերը, կազմվել է վարչական արձանագրություն»,-ասցա Երեւանի ՃՈ-ի պետը` հավելելով, որ տեղյակ չէ` Սամվել Ալեքսանյանը տեղում է եղել, թե ոչ, աշխատակիցները նման բան չեն զեկուցել:





























