Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը չի ցանկանում մեկնաբանել Կոմիտաս 5-ի ակտիվիստների կողմից` իր հասցեին հնչեցվող մեղադրանքներին: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր նրան` մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն Արայիկ Պետրոսյանն ասաց հետեւյալը. «Խնդրեմ բոլոր հարցերով դիմեք մեր լրատվական միջոցներին»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե անձամբ ձեր հասցեին են հնչեցվում մեղադրանք, օրինակ ասում են, որ դուք շատ եք մոտենում կին ակտիվիստներին, մարմնով դիպչում եք նրանց, սեռական հայհոյանքներ եք տալիս, նա ասցա. «Նորից եմ ասում, դիմեք , մեր լրատվական միջոցները պատասխան կտան»: Այս խոսքերից հետո փոխգնդապետը անմիջապես անջատեց հեռախոսը:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանից: Նա քարտուղարուհու միջոցով մեզ փոխանցեց, որ դիմենք «02» լրատվական ծառայություն:
Մեր հարցին, թե Արաբկիրի ոստիկանապետի եւ փոխոստիկանապետի առնչությամբ ծառայողական քննություն կատարվում է, ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կա ոստիկանապետի հանձնարարական` ուսումնասիրել օգոստոսի 23-ի վերաբերյալ բոլոր տեսանյութերը: Իսկ թե վերանշյալ անձինք որեւէ տույժի կենթարկվեն, թե ոչ, Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքները պատրաստ լինելուն պես դրանք կհրապարկվեն:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5-ի բողոքի ակցիաների ժամանակ, ըստ ակտիվիստների, Արաբկիրի փոխոստիկանապետը շատ է մոտենում կանանց, մարմնով դիպչում է կամ ականջին ինչ-որ բան է ասում: Տաթեւիկ Մայիլյանը եւ Շողեր Մելքումյանը պատմել էին, թե ինչպես է Արայիկ Պետրոսյանը մոտեցել, իրենց ականջին սեռական հայհոյանք տվել, իսկ աղջիկներից մեկը` Շողեր Մելքումյանի այդ խոսքերը բարձրաձայն կրկնել էր: Երիտասարդ աղջիկը կոչ է անում բոլոր կանանց, ում հասցեին Արայիկ Պետրոսյանը նման հայհոյանք է հնչեցրել, չամաչել եւ բարձրաձայնել այդ մասին` այդպիսով բացահայտելով վերջինիս դեմքը: Նրանք այժմ միացնում են բոլոր նյութերը, որպեսզի այդ ոստիկանը պատժվի:




























