ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստեղծված եւ նրանց ղեկավարությամբ տարիներ շարունակ գործած ֆինանսական բուրգի հայտնի գործը, որի շրջանակներում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից մոտ 2.5 միլիոն դոլար էր «հավաքագրվել», ըստ ամենայնի, գտնվում է կոծկման փուլում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթն ու հավելում.  «Երեկ Հատուկ քննչական ծառայությունից մեր թղթակցին հայտնել են, որ այդ գործով կա մեկ ձերբակալված, սակայն անունը եւ գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնել։

Մեր ունեցած տեղեկություններով, ձերբակալվածը ոմն Արթուր Անդրեասյանն է, ով փաստացի կառավարել է նշված ֆինանսական բուրգը։ Նա նաեւ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում գործող փոխանակման կետերի համակարգողն է։ Միեւնույն ժամանակ մեզ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն այլ անձանցից 2.5 միլիոն դոլարի գումար հավաքած ու «սկած» այս բուրգին վերագրում է ընդամենը մոտ 25 հազար դոլարի գումար։ Այսինքն, իբր բուրգը այլ անձանցից յուրացրել է ընդամենը 25 հազար դոլար։ Բազմաթիվ անձինք, որոնցից գումար է վերցրել այս կառույցը, գործով չեն երեւում։ Տուժող չի ճանաչվել նույնիսկ այն քաղաքացին, որը առաջինն է դիմում ներկայացրել իրավարպահներին այս կառույցի գործունեության մասին եւ մոտ 50 հազար դոլար է կորցրել։

 Ամենայն հավանականությամբ ձերբակալվածը կփոխհատուցի նշված 25 հազար դոլար գումարը եւ քրգործը կփակվի։ Այս գործի շրջանակներում, հիշեցնենք, ժամանակին զբաղեցրած պաշտոնից ազատվեց Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Նույն գործով անցնող Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը նույնիսկ պաշտոնից չազատվեց։
 Մի խոսքով, ակնհայտ է, որ ֆինանսական բուրգի գործը փակվում է եւ բարձրաստիճան որեւէ ոստիկան դրա համար լուրջ պատիժ չի կրելու....»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):