«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից կհանվեն «գենդեր» եւ «գենդերային» բառերը: ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ին հավանություն տվեց այդ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին, որը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ հասարակությունում բուռն քննարկումներ են ընթացել «գենդեր» եւ «գենդերային» հասկացությունների հետ կապված: Տարընթերցումներին լուծում տալու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այդ հասկացություններ, «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» բառերով:

Ա. Ասատրյանն ասաց, որ Հայաստանն ընդունել է Կանանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան՝ պարտավորվելով վարել կանանց նկատմամբ խտրականության վերացում, սակայն այդ փաստաթղթում «գենդեր» բառը օգտագործված չէ: