«Մինչեւ Ղարաբաղ գալը ես կարծում էի, որ երկրում ամեն բան կործանված է, մարդիկ այստեղ տխուր են, երեխաները՝ դժբախտ, եւ այնտեղ գնալը պարզապես վտանգավոր է, սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հոգեբան, տնտեսագետ Իրինա Տոլմաչովան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը:
«Երբ Ղարաբաղ գնալու առաջարկ ստացվեց, սրանք իմ առաջին մտքերն էին: Հետո ես փնտրեցի համացանցում ու պարզվեց, որ ամեն բան այդքան էլ վատ չէ, սակայն, միեւնույն ժամանակ, լավ էլ չէ: Միակ բանը, որ ինձ զարմացրեց, այն էր, որ ցանցում Ղարաբաղի վերաբերյալ շատ քիչ տեղեկություն կա, այն մասին, թե ինչպիսին է իրական կյանքը երկրում»,- նշել է Տոլմաչովան:
Տոլմաչովան իր տպավորությունները կիսել է երկու մասի՝ կենցաղային եւ հոգեւոր: Նրա հասկացողության մեջ կենցաղի մեջ է մտնում հարմարավետությունը, որը ստեղծում են լեռները, մաքուր օդը, որակյալ մթերքները, Արցախում մարդկանց հյուրընկալությունը: «Հոգեւոր տեսանկյունից կարող եմ նշել հետեւյալը: Զգացվում է, որ Ղարաբաղում մարդիկ մաքուր են: Աչքի է զարնում հատկապես այն, որ բոլորը խոսում են պատերազմի մասին եւ այն մասին, թե ինչպես են հաղթահարելու դժվարությունները, երբ սկսվի պատերազմը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն օր մարդիկ մտածում են՝ վաղը պատերազմ է լինելու: Դա շատ ծանր է: Հատկապես զարմանալի էր, որ անգամ փոքր երեխաները գիտեն այդ մասին»,- նշել է Տոլմաչովան:





























