Գլենդելի ոստիկանության հայազգի աշխատակցի կոչումը կվերականգնվի այն բանից հետո, ինչ նրան կոչումազրկելու որոշումը բարեհաջող բողոքարկման է ենթարկվել: Նրան մեղադրում էին ծառայակիցների հանդեպ ճնշումների եւ նրանց հետապնդելու մեջ: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Քաղծառայության քաղաքային հանձնաժողովը մեկ ժամ դռնփակ ժողովից հետո որոշում է կայացրել կոչումից չզրկել ազգությամբ հայ սերժանտ Վահագն Մարտիկյանին:
Հանրության ներկայացուցիչներն ու հանձնաժողովի անդամները լսել են բազմաթիվ ականատեսների, այդ թվում՝ Մարտիկյանի ծառայակիցների, եւ բարձրաստիճան ոստիկանների վկայությունները 12 օր տեւած լսումների ընթացքում: Պարզվել է, որ Մարտիկյանի դեմ ներկայացված որոշ ցուցմունքներ կեղծ են եղել:
Նշենք, որ Մարտիկյանը ոստիկանության մի քանի այլ հայ աշխատակիցների հետ միասին 2010թ դաշնային դատարանում հայց էին ներկայացրել Գլենդելի եւ Ոստիկանության բաժանմունքի դեմ՝ հայտարարելով, որ խտրականության, վրեժի եւ հետապնդումների են ենթարկվել նրա համար, որ հայեր են:





























