Կալիֆորնիական Գլենդել քաղաքի վարորդները, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում, հանդիսանում են երկրի վատագույն վարորդները: Գլենդելում մեքենաների բախման հավանականությունը մոտ 76 տոկոսով բարձր է երկրի միջին ցուցանիշից: Այդ մասին հաղորդում է «Glendale News-Press»-ը՝ մեջբերելով ապահովագրական կազմակերպության նոր զեկուցումը:
Իններորդ տարին անընդմեջ Գլենդելը «Allstate Insurance» ապահովագրական ընկերության զեկուցման՝ «Ամերիկայի լավագույն վարորդները» ցուցակի վերջին հորիզոնականում է, որտեղ ընդգրկված են երկրի լավագույն 194 քաղաքները: Եւ Գլենդելը Կալիֆորնիայի քաղաքների թվում զբաղեցնում է վերջին հորիզոնականը՝ ունենալով վատագույն վարորդներ:
Կոլորադո նահանգի Ֆորտ-Քոլինզ քաղաքի վարորդները գլխավորում են լավագույն վարորդների ցուցակը. այստեղ ճանապարհատրանսպորտային պատահարները մեկ վարորդի հաշվարկով տեղի են ունենում 13.9 տարին մեկ անգամ, այն ժամանակ, երբ Գլենդելում, որն այստեղ վերջից հինգերորդ հորիզոնականում է, մեքենաները բախվում են յուրաքանչյուր 5.7 տարին մեկ անգամ:





























