Ամերիկահայ Քըրք Քըրքորյանը` Tracinda Corporation-ի նախագահը, որի ունեցվածքը 3,3 մլրդ դոլար է գնահատվում, հայտնվել է Forbes-ի դպրոցը չավարտած միլիարդատերերի ցուցակում: Սեպտեմբերի 1-ի նախօրեին Forbes-ը դպրոցական կրթություն չստացած միլիարդատերերի տասնյակն է կազմել:
Քըրքորյանը վեցերորդ տեղում է: Հրապարակման մեջ գրված է, որ այսօրվա հարուստների թվում կան շատերը, որոնք այդպես էլ դպրոցը չեն ավարտել: Նրանց մի մասը փող աշխատելու տենդով վարակվել են դեռահաս տարիքից, մյուսները ստիպված են եղել աշխատել` ընտանիք պահելու համար, մի մասն էլ գերադասել է սպորտը:
Սակայն միջնակարգ կրթության վկայականի բացակայությունը նրանց չի խանգարել հաջողության հասնել:
Ամսագիրը գրում է, որ Քըրքորյանը դպրոցը թողել է ութերորդ դասարանից: Ավագ եղբոր օրինակով նա սկսել է ակտիվ զբաղվել բռնցքամարտով եւ լրջորեն երազել է մարզիկի կարիերայի մասին: Ինչեւէ, Քըրքորյանը երկար չի զբաղվել սպորտով. Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին տարվել է աիացիայով եւ ծառայության անցել Թագավորական ռազմաօդային ուժերում: Արդեն կրթության համար ժամանակ չկար, իսկ ճակատից վերադառնալուց հետո` առավել եւս:
Ապագա միլիարդատերը գնել է ոչ մեծ ավիաուղի եւ ձեռնամուխ եղել ձեռնարկատիրական գործունեությանը: Այժմ Քըրք Քըրքորյանը 96 տարեկան է, կրում է «Լաս Վեգասի արքա» հպարտ կոչումը եւ նախկինի պես հետաքրքրվում է բռնցքամարտով, այժմ արդեն` որպես հանդիսատես:
Քըրքորյանից բացի, տասնյակում են Inditex ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան` 57 մլրդ կարողությամբ, Cheung Kong Group ընկերության ղեկավար Լի Կաշինը (31 մլրդ), Kering ընկերության ղեկավար Ֆրանսուա Պինոն (15 մլրդ), Virgin Group ընկերության սեփականատեր Ռիչարդ Բրենսոնը (4,6 մլրդ), Tavistock Group-ի հիմնադիր Ջո Լյուիսը (4,2 մլրդ), Dole Food Company-ի ղեկավար Դեյվիդ Մերդոքը (2,4 մլրդ), American Financial Group-ի հիմնադիր, Uninted Dairy Farmers-ի ղեկավար Կարլ Լինդները (1,7 մլրդ):




























