Լայնածավալ վիճակագրական հետազոտությունների համաձայն, ծխելը թողնելու հետո մարդկանց մոտ 18 տոկոսի մոտ նկատվել է քաշի ավելացում միջինը 7 կգ-ով:Ընդ որում քաշն ավելանում է նույնիսկ ճաշացանկի պահպանման արդյունքում, կամ եթե անգամ նախկինում ծխողները սկսում են հետեւել դիետայի ու քիչ կալորիաներ են ստանում:

Ավստրիական Der Standard թերթում հրապարակվել է նախկին ծխողների քաշի ավելացման ֆենոմենի հետազոտման արդյունքները:«Գիրացումը պայմանավորվախ է աղիքներում բակտերիալ միջավայրի փոփոխմամբ»,- գտնում են Ցյուրիխի համալսարանի հիվանդանոցի աշխատակիցները:Հիպոթեզի հաստատման համար անցկացվել էր երկարատեւ փորձաքննություն: Երկու ամիս շարունակ հետազոտվում էր 20 մարդու առողջական վիճակը, որոնցից  հինգը երբեք չէին ծխել, հինգը երդվյալ ծխամոլներ էին, իսկ մյուսները փորձի հիմանական մասնակիցներն էին՝ նրանք թողել էին ծխելը փորձի մեկնարկից մեկ շաբաթ անց: Փորձի բոլոր մասնակիցների սննդակարգը գրեթե չէր փոխվել:Վատ սովորությունից հրաժարումը հանգեցրել էր բակտերիաների առաջացման, որոնք սովորաբար գերակշռում են քաշով ծանր մարդկանց աղիքային համակարգում: Երկու ամիսների արդյունքում ծխելը թողած մարդկանց քաշը միջինը 2 կգ-ով ավելացել էր: Գրանցվել էր, որ նրանց աղիքների միկրոֆլորայում  Proteobacteria եւ Bacteroidetes բակտերիաները փոխարինվել են Firmicutes եւ Actinobacteria բակտերիաներով, որոնք, օրգանիզմը նիկոտինային թույներից ազատվելուց հետո,  «երկրորդ շնչառություն» են ստացել:«Նոր միջավայրը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործել սնունդում առկա էներգիան»,- եզրափակել են գիտնականները: