Շվեյցարացի գիտնականների բացահայտումը պետք է որ ուրախացնի գարեջրի բոլոր սիրահարներին. Գարեջուրը հատուկ մոլեկուլ է պարունակում, որը կարող է օգնել մարդուն ոչ միայն նիհարել, այլեւ ամրացնել մկանները եւ երկարացնել կյանքը: Նման եզրահանգման են եկել Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մասնագետները:

«Մոլեկուլն անվանվում է ռիբոզիդ նիկոտինամիդ, նույնը կա նաեւ կաթի մեջ, սակայն այն այնքան քիչ է, որ դրա պարունակությունը հնարավոր չէ չափել: Բացի դրանից, այն շատ դժվար է սինթեզել»,  - բացատրում է հետազոտության ղեկավար Ջոնան Օվերը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Այդ նյութի հրաշագործ հատկությունը հնարավոր է եղել հայտնաբերել մկների վրա կատարված փորձերի ժամանակ: Դրանք տասը շաբաթ ճարպերով հարուստ սննդակարգով են սնվել: Սակայն սննդի հետ ստացել են նաեւ հրաշք մոլեկուլը: Փորձի ավարտին կրծողներին կշռել են, եւ պարզվել է, որ  նրանք 60% ավելի քիչ քաշ են ձեռք բերել, քան խումբը, որը մոլեկուլ չէր ստացել: Ավելին, կենդանիների մոտ մկանային հյուսվածքները հիանալի վիճակում են եղել, չի եղել շաքարախտի զարգացման նախանշաններ, եւ նրանք  բարձր դիմադրողականություն են ունեցել: