Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն մտնողները զրկվում են ազատ առեւտրի այլ գոտիների միանալու հնարավորության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելուց: Այսինքն` մտնելով Մաքսային միություն, մենք չենք կարողանա Եվրամիության Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն (ենթադրում է զրոյական մաքսատուրքերով առեւտուր ԵՄ երկրների հետ եւ եվրոպական չափանիշների ներդրում ամբողջ տնտեսությունում) միանալու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնել, քանի որ ԵՄ-ն մեզ վերաբերող հարցով, բնականաբար, չի բանակցելու ռուսների հետ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Մի կողմ թողնենք այն, որ տնտեսական տեսակետից Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուց Հայաստանի օգուտները անհամեմատելի են Մաքսային միության հետ: Եվ մի կողմ թողնենք այն, որ տնտեսական լուրջ վնասներ ենք կրելու, ինչպես օրինակ, շաքարավազի, մսի կամ շինարարական ապրանքների թանկացումն են, քանի որ մենք դրանք ներմուծում ենք գերազանցապես երրորդ (Մաքսային միության մեջ չմտնող) երկրներից:
Մաքսային միությունը ներկայիս ավտորիտար` խորհրդային հոգեբանությամբ առաջնորդվող, համատատարած կաշառակերությամբ եւ խոսքի ազատության բացակայությամբ «փայլող» Ռուսաստանի սահմանները մեծացնելու փորձ է` այլ երկրներին ինքնիշխանությունից զրկելու հաշվին: Ինքնիշխանության քաղաքական կորուստն էլ փորձ է արվելու ամրագրել Եվրասիական միության ստեղծմամբ:
Հայ ժողովուրդը եվրոպական եւ ոչ թե ռուսական քաղաքակրթության մաս է. մենք կրում ենք ժողովրդավարական արժեքային համակարգը եւ չենք հանդուրժելու օտարի լուծը, քանի որ ազատությունն ու անկախությունը մեր ինքնության հիմքն են:
Մենք մտահոգված ենք, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը փաստացի կկորցնի իր ինքնիշխանությունը, որն էլ որոշ ժամանակ անց կարձանագրվի իրավական հարթությունում, այն է` աշխարհի քաղաքական քարտեզից Հայաստանի վերացմամբ:
Հանդիսանալով ՀՀ ազատ քաղաքացի եւ մտահոգված լինելով մեր պետականության ճակատագրով, հաշվի առնելով չկշռադատված որոշումների կայացման հետեւանքով անցած 90 տարիներին մեր պետության կրած վնասները, որոնք խեղաթյուրել են մեր ազգային արժեքային համակարգը, հայտարարում ենք, որ
ԿԿԻՐԱՌԵՆՔ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ԴԱՎԱԴԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ»:





























