Եվրասիական միությանը եւ Մաքսային միությանն անդամագրումը վտանգում է Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ նրա` որպես ինքնիշխան պետության գոյությունը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Հանրապետություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության` Մաքսային միության անդամակցության եւ այդ քայլով գործնականում եվրաինտեգրման իր հայտարարած կուրսից հրաժարվելու կապակցությամբ,
արձանագրում է
1. Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հետեւանք է Հայաստանում գործող իշխանությունների համակարգային փոփոխություններից խուսափելու ձգտման, այլ ոչ թե` արտաքին ճնշումների:
2. Լեռնային Ղարաբաղի հարցը մեր հաղթանակների խորհրդանիշն է, եւ հնարածին ու անթույլատրելի է այն ներկայացնել` որպես ներկայիս դժվարությունների եւ բացթողումների պատճառ:
3. Եվրասիական միությանը եւ Մաքսային միությանն անդամագրումը վտանգում է Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ նրա` որպես ինքնիշխան պետության գոյությունը:
Ելնելով այս ամենից, «Հանրապետություն» կուսակցությունը, նպատակ ունենալով համակարգային փոփոխությունների, ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության միջոցով Հայաստանի Հանրապետությունը տանել եվրաինտեգրման խորացման ուղությամբ
Հայտարարում է
շահագրգիռ բոլոր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հասարակական եւ քաղաքական գործիչների հետ քննարկումների գործընթաց սկսելու մասին:





























