ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Քրիստոֆ Բիրվիրթը իր հավատարմագրման նամակն է հանձնել Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով Բիրվիրթին՝ ՀՀ փոխարտգործնախարարը շնորհավորել է նրան այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ համագործակցությանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ: Փոխնախարար Հովակիմյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է գրասենյակի հետ աշխատանքը՝ հաշվի առնելով թե՛ ոչ վաղ անցյալում եւ թե՛ ներկայումս փախստականների հետ կապված խնդիրների առկայությունը եւ երկրի ջանքերն ուղղված այդ հարցերի լուծմանը: Մասնավորապես, խոսվել է նաեւ Սիրիայից ներգաղթած փախստականներին հնարավորինս լայն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունների մասին:
Զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահություն է հայտնել, որ ապագայում եւս արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի: Ի հերթին պարոն Բիրվիրթը վստահեցրել է, որ գրասենյակը կանի առավելագույնը՝ Հայաստանում փախստականներին աջակցություն ցուցաբերելու համար:





























