Բրիտանիայի Նորհելերթոն քաղաքի 56-ամյա բնակչուհի Քեթրին Բերիին գնդակահարել են թուրքական Դալյան հանգստավայրում: Նրա ընտանիքի երկու անդամներ վիրավորվել են: Սպանության կասկածանքով կալանավորել են տեղի 46-ամյա մի բնակչի:

Նախնական տվյալներով՝ զինված տղամարդը հարձակվել է բրիտանացի զբոսաշրջիկներից վրա, երբ նրանք ծննդյան տոնակատարություն էին նշում երկրի հարավային ափերից մեկում՝ վարձակալած առանձնատանը:

Քեթրին Բերին տեղում զոհվել է, իսկ նրա երկու բարեկամները տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը փորձում է պարզել տեղի ունեցածի դրդապատճառները:

Սա Թուրքիայում օտարերկրացիների հետ ողբերգական միջադեպի առաջին դեպքը չէ, հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով Hurriyet Daily News-ը: Սեպտեմբերի 9-ին տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել էր երկու ճապոնուհիների վրա, երբ նրանք դիտում էին քաղաքի տեսարժան վայրերը: Կանացից մեկը տեղում զոհվել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց: