«Չնայած որոշ հարցերում ունեցած տարաձայնություններին՝ ՀՀԿ եւ „Բարգավաճ Հայաստան“ կուսակցությունների հարաբերությունները միշտ էլ նորմալ են եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ կոալիցիոն երկու կուսակցությունների միջեւ եղած տարաձայնությունները հանգեցնեն դրա փլուզմանը։

Նշելով, որ ինչ-ինչ ներկոալիցիոն հարցեր հանրությանը պարզ են դառնում մամուլի ազատության եւ ժողովրդավարության շնորհիվ, նա նկատեց. «Եթե որեւէ բան չի խոսվում, ասում են՝ փակ-գաղտնի քաղաքականություն է վարվում։ Հենց մեկը մի երկու բան է ասում, չգիտես ինչու՝ անսովոր է թվում, եւ ոմանք դրանում փլուզման նախանշաններ են տեսնում»,- նշեց ՀՀԿ գործիչը՝ ընդգծելով, որ երկու կուսակցությունների հարաբերությունները լավ են, սակայն փոքր քննադատություններ միշտ էլ լինելու են։

Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ իշխանափոխության անհրաժեշտության մասին հայտարարությանը եւ նրան, թե հնարավոր համարո՞ւմ է, որ դա կապ ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ, Ռ. Զոհրաբյանը նկատեց, որ երկու տարի առաջ ընտրված նախագահը եւ կառավարությունը լավ են աշխատում եւ նոր մարդկանց կարիք չկա. «Այսօր Հանրապետական կուսակցությունը եւ կոալիցիան բավարար ուժեր ունեն, եւ նոր մարդիկ մեզ պետք չեն. եթե անհրաժեշտություն լինի, շատ հնարավոր է, որ որպես փորձված գործչի՝ ինչ-որ հարցերում դիմենք Ռոբերտ Քոչարյանին, քանի որ բոլոր ժողովրդավար երկրներում նախկին պաշտոնյաները օգնում են հաջորդ իշխանությանը, փորձով կիսվում նրա հետ. բայց պաշտոնները արագ-արագ փոխել ՝ ճիշտ չի լինի, թողեք մարտի 1-ը մարսենք»,- ամփոփեց ՀՀԿ փոխնախագահը։

Նշենք, որ օրերս ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ Հայաստանը հայտնվել է 98թ. իրավիճակում եւ հասել է իշխանափոխության ժամանակը։