«Շատ լավ է, որ ծրագրային առաջարկ է ներկայացվում, բայց խոշր հաշվով ես համամիտ չեմ ՀԱԿ-ի „100 քայլ“ ծրագրի շատ դրույթների հետ»,- մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նշելով, որ այդ ծրագրում կան կարճաժամկետ ու միջին ժամկետ ծրագրեր, սակայն պետք է լինեն նաեւ առնվազն 20 տարվա կտրվածքով ծրագրեր ու առաջարկներ:

«Այդ ծրագրից սոցիալիզմի հոտ է գալիս եւ մի փոքր զարմանալի է, որ ուլտրա-լիբերալ ուժն է այդպիսի բան ներկայացնում»,- ասաց նա ու ընդգծեց, որ այնքան էլ լուրջ չի վերաբերում այն բացատրությանը, թե դա հետեւանք է նրա, որ ՀԱԿ-ում կան նաեւ սոցիալիստական ուժեր, որոնք առաջարկները նույնպես ընդգրկվել են իրենց տնտեսական ծրագրում: «Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ սոցիալիստական ուժերը ՀԱԿ-ում դերակատարում չունեն եւ, օրինակ` հայ-թուրքական գործընթացի հարցում այդ ուժերը չեն ընդդիմանում ՀԱԿ-ի մոտեցումներին»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը նաեւ պոպուլիզմի տարրեր է պարունակում, օրինակ` երբ առաջարկվում է ազգայնացնել վիճակախաղերի ու լոտոների գործունեությունը:

Դիտարկմանը, թե իրեն, որպես սոցիալիստական ուժի ներկայացուցիչ, պետք է հաճելի լիներ, որ ՀԱԿ-ի ծրագրից սոցիալիզմի հոտ է գալիս, ՀՅԴ պատգամավորն արձագանքեց, որ ՀԱԿ-ի ծրագրից ավելի շատ կոմունիզմի հոտ է գալիս: