Արգենտինայի հայ համայնքը հերքել է «Clarin» թերթում ընթերցողներին ուղղված Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակաշի հայտարարությունը: Այդ մասին հայտնում է  «Nouvelles d`Arménie»-ն:

Նշենք, որ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Քարաքաշը անհամաձայնություն էր հայտնել վերոնշյալ թերթի մի հոդվածի նկատմամբ, որը վերաբերել էր Հայոց ցեղասպանությանը: Ըստ նրա` թուրքական պետությունը պատմության այդ փաստը երբեք չի ընդունել որպես ցեղասպանություն: 

Հեղինակավոր իրավաբան  Կառլոս Լեոն Արսլանյանը դատարանի անդամ է, որը դատապարտել էր Արգենտինայում վերջին ռազմական բռնապետության առաջնորդներին: Նա հայտնել է, որ դեսպանը «փորձել է խեղաթյուրել պատմական ճշմարտությունը» եւ «մինչ այժմ շարունակում է հերքել»: Նա նաեւ նշել է, որ «ցեղասպանություն» եզրույթն առաջ էր եկել Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացրած զանգվածային սպանությունների հիման վրա, որը անկյունաքարային դարձավ Ցեղասպանության կանխման եւ պատժի վերաբերյալ հռչակագրի համար (1948թ.):

Ըստ դի Տելի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Խուան Գաբրիել Թոքաթլյանի` «սուտ հայտարարությունը չի կարող թաքցնել բազմաթիվ անկախ աղբյուրների կողմից ապացուցված պատմական փաստը»: Իսկ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ եւ Հայկական համաշխարհային խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը հավելել է, որ  չպետք է մոռանալ « 1985թ. ՄԱԿ-ի, 1987թ. Եվրախորհրդարանի» եւ այլ օրենսդիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Բուենոս-Այրեսի Հայ ազգային խորհրդից Կարոլինա Կարագյոզյանը հիշեցրել է, որ Արգենտինայի Կոնգրեսը Հայոց ցեղասպանության հիշատակին ապրիլի 24-ը հռչակել էր Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր: Իսկ երգահան,  երաժշտագետ Ալիսիա Թերզյանը կատակով նշել է, որ Քարաքաշի հայտարարությունը հավասարազոր է նրան, որ իր ծնողները եւ պապերը խաբել են: