Մեքսիկայում հանցագործները գնդակահարել են 10 մարդու, այդ թվում մեկ երեխայի: Հարձակումը կատարվել է երկրի հյուսիսում գտնվող Սյուդադ Խուարես քաղաքում, բնակելի տներից մեկի վրա:

Զինված մարդկանց խումբը ներխուժել է տուն, որտեղ տոնելիս են եղել բեյսբոլի թիմերից մեկի հաղթանակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 դիակ, որոնցից մեկը մանկահասակ աղջիկ է եղել: Ավելի ուշ վիրավորներից եւս մեկը հիվանդանոցում մահացել է:

Չիուաուա նահանգն ամենավտանգավորներից մեկն է Մեքսիկայում, որտեղ գործում են բազմաթիվ թմրակարտելներ: Սյուդադ Խուարեսը 2010-ին ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքը, սակայն հետագայում այդ «տիտղոսը» զիջել է Հոնդուրասի Սան Պեդրո Սուլեին: