Ավանդական գործակցությունը Հայաստանի եւ Ֆրանսիայի ոստիկանական համակարգերի միջեւ առաջիկայում ավելի կխորանա, ինչը բխում է երկու երկրների շահերից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Երեւանում, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆրանսիայի ՆԳՆ անդրազգային հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Ժան-Ֆրանսուա Իմբերտը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` Վարդան Եղիազարյանը նշել է երկու երկրների ոստիկանական կառույցների նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ առաջիկայում երկուստեք պետք է արվի առավելագույնը փոխգործակցությունն ավելի առարկայական դարձնելու, փորձի փոխանակման եւ փոխօգնության շրջանակներն ընդլայնելու, գործընկերությունը, հատկապես անդրազգային հանցավորության բնագավառում, որակական նոր մակարդակի բարձրացնելու համար, ինչին մեծապես կնպաստեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության սերտ ու կառուցողական հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր եւս, այդ թվում նաեւ առաջիկայում Ֆրանսիայի Հանրապետություն ՀՀ ոստիկանության պատվիրակության փոխադարձ այցի վերաբերյալ հարցերը:
Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում նաեւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում, քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, ոստիկանության կրթահամալիրում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում, քննչական գլխավոր վարչությունում:





























