Փարիզից Ցյուրիխ թռչող ֆրանսիական ուղեւորատար օդանավից 1,6 մլն եվրո արժողությամբ 44 կգ ոսկյա սալիկներ են գողացել: Այս մասին հաղորդում է TF1-ը:
Ոսկին տեղափոխվում էր Air France ավիաընկերության օդանավի բեռների բաժնում: Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 300 կգ թանկարժեք մետաղ: Կորուստը հայտնաբերել են միայն Շվեյցարիայում բեռնաթափման ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն:
Le Monde թերթի կայքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը գողության մեջ կասկածում է Շառլ դը Գոլի անվան օդանավակայանի աշխատակիցներին, որտեղ տեղի է ունեցել բեռնումը: Պարբերականը գրում է, որ Փարիզի օդանավակայանից պարբերաբար ոսկի է փոխադրվում, ուստի օդանավակայանի աշխատակիցները նախապես կարող էին պլանավորել գողությունը:
Թե ում են պատկանել ոսկյա սալիկներն եւ ով պետք է դրանք ստանար Շվեյցարիայում, ոչինչ չի հաղորդվում:





























