Վերջին շրջանի քաղաքացիական ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները հիմնականում դրսեւորել են հանդուրժողականություն եւ զերծ մնացել ուժային մեթոդներից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միաժամանակ, դեսպանը հետաքրքրվել է որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաեւ, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության դիրքորոշումն այդ դեպքերի վերաբերյալ, տեղեկացրել միջադեպերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի, նման դեպքերը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին:
Ջոն Հեֆեռնը հույս է հայտնել, որ որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ ոստիկանությունը կիրագործի մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր առաքելությունը:
Վլադիմիր Գասպարյանը հավաստել է, որ ոստիկանությունը շարունակում է աշխատել բաց ու թափանցիկ, իրականացնում է հրապարակային գործունեություն եւ վճռական է հանրային վստահություն վայելող ոստիկանության ձեւավորմանն ուղղված բարեփոխումներն ավարտին հասցնելու իր հանձնառության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:





























