Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջ քաղաքում ազգությամբ հայ տարեց կին-զբոսաշրջիկ է խեղդվել, երբ լողալիս է եղել Ալ-Խան լողափի մոտակայքում: Այդ մասին գրում է «Gulf News»-ը:

Շարջ ոստիկանության աշխատակիցը հաղորդել է, որ իրենց ծառայություն հաղորդագրություն է ստացվել կնոջ մասին, ով օգնության կարիք ունի: Փրկարար ծառայությունները դեպքի վայր են հասել, սակայն 75-ամյա կինն արդեն մահացած է եղել: Նրա մարմինը հասցրել են հիվանդանոց, որից հետո քրեագիտական լաբորատորիա՝ դիահերձման համար: 

Շարջի ոստիկանությունը լողացողներին կոչ է արել հետեւել նախազգուշացումներին այն մասին, թե որ հատվածներն են վտանգավոր, օրինակ, քարքարոտ լողափներն ու ահեղ ալիքներով լողափները: Այն խորհուրդ է տվել լինել առավել զգույշ ուժեղ քամիների կամ վատ եղանակային պայմանների ժամանակ: Ալ-Խան լողափում մի քանի զգուշացնող նշաններ կան, սակայն շատերը անտեսում են դրանք:

«Hotelier Middle East»-ի համաձայն սա Շարջում այս տարվա ընթացքում իններորդ դեպքն է, թեեւ նախորդ տարի նույն ժամանակահատվածում դրանց թիվը 16 էր: