Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ վստահություն հայտնել, որ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի այցը նոր լիցք կհաղորդի ամուր պատմամշակութային բարեկամական կապերի վրա հիմնված հայ-հունական երկկողմ հարաբերություններին: Ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից հետո հայ-հունական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ անցած տարիներին ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական ակտիվ երկխոսություն եւ սերտ փոխգործակցություն ռազմական ու կրթամշակութային ոլորտներում: Նախագահի համոզմամբ, նմանատիպ այցելությունները լավագույնս վկայում են երկկողմ հարաբերությունների շարունակականության եւ դրանց նոր որակ հաղորդելու կողմերի պատրաստակամության մասին։

Հանդիպմանը հայ-հունական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորվել է նաեւ միջխորհրդարանական դիվանագիտության դերը, երկու երկրների միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, նաեւ միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ամենով հանդերձ հայ-հունական համագործակցության ներուժը շատ ավելին է եւ անհրաժեշտ է այն լիարժեքորեն իրացնել: