Նայրոբիի առեւտրի կենտրոնում ահաբեկիչների ոչնչացման գործողությունն ավարտված է, սեպտեմբերի 25-ին հայտարարել է Քենիայի նախագահ Ուհուրու Քենիաթան: Երկրում ահաբեկչության զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել:

Քենիայի նախագահի խոսքով՝ անվտանգության ուժերի աշխատակիցները 11  գրոհայինների են կալանավորել, եւս հինգը սպանվել են առեւտրի կենտրոնը գրոհով վերցնելիս, հայտնում է vesti.ru-ն:

Այս պահին հայտնի է 67 զոհերի մասին: Առնվազն 170 մարդ տուժել է, նրանցից  62-ը հոսպիտալացվել են: Պատանդներին ազատագրելու գործողության ընթացքում առեւտրի կենտրոնի բոլոր երեք հարկերը փլուզվել էին, եւ չի բացառվում, որ զոհերի եւ վիրավորների թիվը կարող է աճել: 65 մարդ առայսօր անհետ կորած է համարվում:

Միաժամանակ, «Աշ շաբաբ» խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ Քենիայում 137 պատանդներ են զոհվել:  AFP -ն, խմբավորման թվիթերյան գրառումը վկայակոչելով, հայտնում է, որ ահաբեկիչները քենիացի զինծառայողներին մեղադրում են «քիմիական նյութեր» պարունակող  զենքի կիրառման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նայրոբիի  Westgate առեւտրի կենտրոնը հարձակման էր ենթարկվել սեպտեմբերի 21-ին: Ահաբեկչությունը դարձավ Քենիայի պատմության մեջ ամենաողբերգական դրվագներից:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Սոմալիի «Աշ Շաբաբ» իսլամական խմբավորումը, որը ահաբեկչություն էր իրականացրել Նայրոբիի Westgate առեւտրի կենտրոնում,  եկամուտների զգալի մասն ստանում է ռնգեղջյուրի եղջյուրներից  եւ փղոսկրի ապօրինի վաճառքից:  Գրոհայինները ստանում են մինչեւ 40% եկամուտ: Հարավաֆրիկյան  «Բելդ» թերթը նշում է, որ 2011թ. Սոմալիի խմբավորումն ամսական 750 հազար դոլար ստացել էր փղոսկրի ապօրինի վաճառքից: