Քալիֆորնիական Գլենդել քաղաքում մեքենան, որի ղեկին տարեց տղամարդ է եղել, բախվել է հայի պատկանող ոսկերչական խանութին եւ 15 մետր առաջ է անցել՝ ճանապարհին ավերելով ամեն ինչ: Այդ մասին գրում է CBS-ը:

Հրշեջ ծառայության աշխատակիցներն անմիջապես հասել են դեպքի վայր՝ «Arka Bijouterie» ոսկերչական խանութ: Պարզվել է, որ 83-ամյա վարորդը սեղմել է «Honda» մակնիշի մեքենայի ոչ թե արգելակման, այլ արագության ոտնակին, ինչի արդյունքում մեքենան հարվածել է խանութին:

Խանութի սեփականատեր Արբին Դավթյանը հայտնել է, որ մեքենան բախվել է այն պահին, երբ ինքը հրաժեշտ էր տալիս հաճախորդին: Մեքենան հարվածել է ոսկերչական իրերի մի քանի տաղավարների, ինչի հետեւանքով հատակին են ցրվել ադամանդներ, մատանիներ ու այլ թանկարժեք իրեր եւ կոտրված ապակի: «Ես դեռ ուշքի չեմ գալիս: Չեմ կարող հավատալ կատարվածին»,- պատմել է Դավթյանը:

Մեքենայի ուղեւորը բողոքել է պարանոցի ցավերից եւ տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ ցուցաբերել են բժշկական օգնություն. նա աննշան վնասվածքներ է ստացել: Վարորդին եւ ուղեւորներին շտապ օգնության  բժիշկները հետազոտել են, սակայն հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել: