Քալիֆորնիական Գլենդել քաղաքում վրաերթի հետեւանքով 88-ամյա հայ կին է մահացել: Ոստիկանությունը պարզել է զոհված կնոջ անձը՝ Գլենդելի բնակչուհի Բալասան Միրզաբեկյան: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Կինը կանգնած էր կայանված երկու մեքենաների միջեւ, եւ երբ դուրս էր եկել փողոցի մեջտեղ, նրան հարվածել է «Ford» մակնիշի մեքենա, որի ղեկին Գլենդելի 26-ամյա մի բնակիչ է եղել: Նա թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել եւ ոստիկանների կողմից ազատ է արձակվել հենց եպքի վայրից: Բացի այդ, այժմ առկա տվյալների համաձայն, նա մեղավոր չէ:

Բալասան Միզաբեկյանի մահն այս տարի Գլենդելում վրաերթի արդյունքում հետիոտնի մահվան երրորդ դեպքն է: Ընդ որում մյուս երկու դեպքում էլ զոհերը ազգությամբ հայ էին: Առաջին դեպքը տեղի էր ունեցել մարռի 5-ին, երբ 19-ամյա վարորդ Արմեն Ավանեսյանը մեքենան ոչ սթափ վիճակում վարելիս, վրաերթի էր ենթարկել Բըրբենքի 81-ամյա բնակչուհի Քնարիկ Թոմասյան-Շամլյանին, ով արդյունքում մահացել էր: Նույն ամսում զոհվել էր 55-ամյա ստեփան Վարդանյանը, երբ 71-ամյա վարորդի ղեկավարմամբ մեքենան բախվել էր հացաբուլկեղենի կրպակին: