Պատմության մեջ առաջին անգամ Շվեդական լյութերական եկեղեցին կին է գլխավորելու՝ եպիսկոպոս Անթյե Յակելենը: Այս մասին հաղորդում է Շվեդական եկեղեցու մամուլի ծառայությունը:

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Շվեդական լյութերական եկեղեցում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքներով Յակելենն ստացել է 55,9 տոկոս ձայն:

Ավանդույթի համաձայն՝ ընտրություններին մասնակցել են եկեղեցական խորհրդի անդամները, ինչպես նաեւ թեմական վարչությունները:
Անթյե Յակելենի՝ իր նոր պարտականությունների կատարմանն անցնելու արարողությունը կկայանա 2014-ի հունիսի 15-ին: Նա ծնվել է Գերմանիայում, 1955 թվականին, Շվեդիա է տեղափոխվել 22 տարեկան հասակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Շվեդիայում առաջին կին հոգեւորականները հայտնվել են 1960-ից հետո: Առաջին անգամ կինը եպիսկոպոս է դարձել 1997-ին եւ այսօր Շվեդիայում կա 5 կին եպիսկոպոս: