Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը դեռ չի ձանձրացել հանգստից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Գիզիրյանը: «Հանգստանում եմ, հանգստանում: Չեմ կարծում, որ հանգիստս երկար է տեւել, դուռ շուտ է աշխատանքի անցնելը»,- ասաց նա: Շիրակի նախկին մարզպետը նշեց, որ աշխատանքի հետ կապված առաջարկներ չկան եւ այդ մասին չի էլ մտածում:

Հարցին, թե Արարատի մարզպետին չեք նախանձում, որ նա հրաժարականից անմիջապես հետո նշանակվեց ոստիկանապետի ավագ խորհրդական, նախկին ոստիկանը պատասխանեց. «Դա ինձ չի վերաբերում, այդ հարցը ուղղեք իրեն: Ես կգնա՞մ ոստիկանություն, որ ինձ պաշտոն տան կամ չտան: Ես չեմ ուզում աշխատել ոչ մի տեղ, հանգստանում եմ, ազատությունս վայելում եմ»:

Դիտարկմանը, թե բիզնես գործունեությամբ էլ չեք զբաղվում, Աշոտ Գիզիրյանը նշեց՝ «Հայաստանում ինչքան բիզնես կա, սաղ իմն ա էլի»:

Իսկ թե ինչպես է առանց աշխատելու ապրում, նախկին մարզպետն ասաց՝ «ինչ եմ անում որ, իջնում եմ քաղաք, ման եմ գալիս, գնում եմ բասեին, գնում թոռանս բերում, էնպիսի տղա ունեմ, որ աշխատում է ինձ պահում»: