Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության կողմից սահմանված մրցանակը` «Մուժսկոյե դոստոինստվո» օղին բաժին է հասել կին գովազդատուի:

Հիշեցնենք, որ օրերս «Գալա» հեռուստատեսությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշել էր, որ իշխանությունների ճնշման տակ իրենց բոլոր գովազդատուները հրաժարվում են գովազդների պատվերներից, որի արդյունքում իրենց մոտ 26 գովազդատուից մնացել են երեքը: Այս կապակցությամբ «Գալա»-ն հայտարարել էր մրցույթ, ըստ որի իրենց դիմած առաջին գովազդատուն կստանա 10 օր անվճար գովազդ տեղադրելու իրավունք եւ «Մուժսկոյե դոստոինստվո» օղի:

Այդ առաջին գովազդատուն պարզվում է Գյումրիում ընդամենը 3 ամիս գործունեություն ծավալող «Նեֆերտիտի» ծաղկի եւ հարսանյաց սրահի ղեկավար Արուսյակ Ալեքսանյանն է: Նա նշել է, որ չվախենալով որեւէ կառույցի ճնշումից, որոշել է օգտվել հեռուստաընկերության ընձեռած հնարավորությունից եւ հույս ունի, որ «Մուժսկոյե դոստոինստվո»-ն հետագայում իրեն համարձակություն եւ տղամարդուն բնորոշ ուժ կտա բիզնեսում առաջ գնալու եւ նորանոր հաջողություններ ունենալու հարցում: