NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է  գիտնական Ուլրիխ Շպեկի՝ Քարնեգիի եվրոպական կենտրոնի կայքում հրապարակված հոդվածը, ով զբաղվում է Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ փոփոխվող միջազգային համակարգում Եվրոպայի ունեցած դերի ուսումնասիրմամբ:

Իշխանությունը որոշվում է ոչ միայն իշխանության ռեսուրսներով, այլ նաեւ գործողություններով: ԵՄ համար, որպես արտաքին քաղաքականություն իրականացնող տերություն, վերջին տարիներին մի քանի որոշիչ դրվագներ եղան: Ամեն անգամ եվրոպական առաջնորդները ցույց տվեցին ԵՄ-ին անհրաժեշտ ռեսուրսով ապահովելու քաղաքական կամքի բացակայություն, որպեսզի այն արտաքին քաղաքականության ոլորտում վերածվեր լուրջ խաղացողի: Վիլնյուսում ԵՄ Արեւելյան համագործակցության առաջիկա գագաթնաժողովի հետ մոտենում է մյուս որոշիչ դրվագը:

ԵՄ-ն մոտենում է մեկ այլ պատասխանատու պահի, երբ փորձի է ենթարկելու քաղաքական կամքը՝ նոր քայլ արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում ու անուղղակի նաեւ Ռուսաստանի հետ: Գագաթնաժողովի ժամանակ սպասվում է, որ Ուկրաինան կստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր: Մոսկվան կտրուկ է դեմ է համաձայնագրին:

Երկար տարիներ եվրոպացիները խուսափել են Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական մրցակցությունից՝ փորձելով Մոսկվային համոզել, որ հետխորհրդային երկրների համաձայնագիրը ԵՄ հետ «անվնաս որոշում է», որը նպաստում է կայունացմանն ու արդիականացմանը, ինչն էլ Ռուսաստանի օգտին է:

Սակայն որոշիչ մենամարտն անխուսափելի է: Եվրասիական միությունում մասնակցությունը անհամատեղելի է ԵՄ հետ ասոցացմանը. ԵՄ Արեւելյան համագործակցության անդամները պետք է ընտրություն կատարեն: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ ունեցած հակասության հետեւանքով անվտանգության հարցում Ռուսաստանից ունեցած կախման պատճառով Հայաստանն արդեն տեղի տվեց Մոսկվայի ճնշմանն ու որոշեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր չկնքել:

Այն, թե առաջիկա շաբաթում ինչպես ԵՄ-ն իր շահերն ու սկզբունքները կհաստատի Արեւելքում, կորոշի տարածաշրջանում նրա հետագա դերը: ԵՄ-ն Արեւելքում երկու շահ ունի: Մեկը երկարաժամկետ կայունությունն է, որն առավել հավանական է այն դեպքու, եթե արեւելյան հարեւանները կընտրեն լիբերալ ժողովրդավարություն, որի օգտին էլ հանդես է գալիս ԵՄ-ն ու առաջ է տանում Արեւելյան համագործակցության շնորհիվ:

Մյուս շահն այն է, որպեսզի Ռուսաստանը ճանաչի նախկինում Մոսկվայի հրահանգներին սպասող պետությունների ինքնիշխանությունը: Սա առաջին հերթին սկզբունքի հարց է, քանի որ ՄԱԿ-ը հիմնվել է ինքիշխանության սկզբունքի հիման վրա: Բայց սա նաեւ ներկայացնում է շահ, քանի որ Ռուսաստանի միջամտությունը լարվածություն է ստեղծում: Իր արտաքին սահմանների ընկալումը որպես Մոսկվայի ուղղակի ազդեցության սահման կօգնի Ռուսաստանին մի կողմ դնել կայսերական պատմությունն ու վերածվել ժամանակակից ազգային պետության:

Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովը ԵՄ համար հնարավորություն է ապացուցել, որ կարող է լուրջ համաշխարհային խաղացող լինել, ով Արեւելքում հաստատում է իր արժեքներն ու շահերը: Եվրոպական առաջնորդները պետք է օգտվեն հնարավորությունից ու խուսափեն եւս մեկ հիասթափությունից: