Հայաստանը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, որը պայմանավորված է երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական ամուր կապերով եւ այսօր գոյություն ունեցող սերտ միջպետական համագործակցությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Գոդենին ուղեկցել են Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլումը, փոխքաղաքապետ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Վլաստոն, փոխքաղաքապետեր Մարի-Լուիզ Լոտան եւ Դիդիե Պարաքյանը, Մարսելի 13-14 շրջանների թաղապետ Կարո Հովսեփյանը, քաղաքապետարանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորել է հայ-ֆրանսիական բազմաբովանդակ համագործակցության զարգացումը` մասնավորապես ընդգծելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, ապակենտրոնացված փոխգործակցության ոլորտներում նշանակալի ձեռքբերումները:
Կողմերն անդրադարձել են տասն օր առաջ Վալանսում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի արդյունքներին` նշելով, որ նման միջոցառումների պարբերականությունը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին:
Զրուցակիցները կարեւորել են նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում ֆրանսահայ համայնքի կարեւոր ներդրումը: Այս կապակցությամբ Ժան-Կլոդ Գոդենը ընդգծել է ֆրանսահայերի դերը Ֆրանսիայի եւ Մարսելի զարգացման գործում:
Էդվարդ Նալբանդյանն ու Ժան-Կլոդ Գոդենը, գոհունակություն հայտնելով Երեւանի եւ Մարսելի միջեւ ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծել են, որ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը մեծապես նպաստում է ամենատարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնմանը եւ կապերի խորացմանը:





























