Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ոտքի է հանել իտալացիներին, քանի որ վերջինս մասնակցելով Լիբիայում կայացած արաբական գագաթնաժողովին, համբուրել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ձեռքը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Լիբիայի Սիրթե քաղաքում տեղի է ունեցել արաբական երկրների գագաթնաժողով, որին եվրոպական երկրների ղեկավարներից մասնակցել է միայն Իտալիայի վարչապետը: Հենց այդտեղ էլ Բեռլուսկոնին Քադաֆիի հանդեպ իր անկեղծությունը ցույց տալու նպատակով խոնարհվել եւ համբուրել է նրա աջը:

Այս իրադարձությունը եւս մեկ առիթ է հանդիսացել, որ իտալական հասարակությունն ու մամուլը քննադատության ենթարկեն Բեռլուսկոնիին:

Նշենք, որ 2008-ին Բեռլուսկոնին Իտալիայի նախկին գաղութ Լիբիայից ներողություն էր խնդրել եւ խոստացել 5 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել այդ երկրում: Լիբիան Իտալիայի գաղութն է եղել 1911-1943 թվականներին: