Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի մի քանի ժամ առաջ հրապարակված նախագծում Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հատվածը դատարկ է: Սա է պնդում «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը՝ տեղեկացնելով, որ փաստաթղթի նախնական տարբերակը Եվրամիության պաշտոնյաները լրագրողներին են տրամադրել բառացիորեն մի քանի ժամ առաջ:

«Այն բանից հետո, երբ Երեւանը հայտարարեց Ռուսաստանի կողմից առաջնորդվող Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, այլեւս որեւէ ձեւակերպում, որ կվերաբերեր Հայաստանին, փաստաթղթում տեղ չի գտել»,- նշել է Բրյուսելում աշխատող Յոզվիակը:

Եվրոպացի դիվանագետները, սակայն, չեն բացառում, որ հռչակագրում Հայաստանը հիշատակելու փոխարեն ԵՄ-ն կարող է Երեւանի հետ հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել:

Փոխարենը՝ Ադրբեջանի ցուցաբերած եվրոպական ինտեգրացիոն ձգտումները Վիլնյուսյան համաժողովի հռչակագրի նախագծում ողջունվում են: Ավելին՝ Եվրամիությունը նշում է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Բաքվի հետ Եվրամիության-Ադրբեջան Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ։

ԵՄ հռչակագրում նաեւ ողջունում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման, ինչպես նաեւ Վրաստանի ու Մոլդովայի հետ պայմանագրերի նախաստորագրման փաստերը:

Բելառուսի պարագայում ԵՄ-ն ընդգծում է, որ ակտիվորեն աշխատում է հատկապես այդ երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հռչակագրի նախագծում նաեւ նշված է. «Եվրամիությունը ճանաչում է անդամ պետություններից յուրաքանչյուրի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում ունեցած հավակնությունների չափն ու վերջնական նպատակը ընտրելու ինքնիշխան իրավունքը»:

Ինչ վերաբերում է Արեւելյան գործընկերության պետությունների տարածքում առկա սառեցված հակամարտություններին, ապա դրանց հռչակագրում առանձնապես մեծ տեղ հատկացված չէ:

«Վրաստանի դեպքում միայն ընդգծվում է, որ անդամ պետությունները համակարծիք են այն խնդրի շուրջ, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը պետք է աշխատի Վրաստանի ողջ տարածքում: Չի բացառվում, որ Մոլդովան մինչեւ նոյեմբերի վերջ ցանկանա որեւէ ձեւակերպում զետեղել հռչակագրի տեքստում, որը կվերաբերի Մերձդնեստրի հակամարտությանը: Մինչ այս պահը հստակ չէ՝ արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հիշատակվի վիլնյուսյան հռչակագրում»,- ասում է Յոզվիակը:

Առավել մանրամասն՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում