Ուկրաինայի մտադրությունը ստորագրել ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրը, թույլ չի տա պահպանել ընթացիկ հարաբերությունները, որոնք հիմնված են ռուսական շուկայում ուկրաինական ապրանքների ներկրման ժամանակ մի շարք մեղմացումների ու արտոնությունների վրա: Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Սա Ուկրաինայի սուվերեն ընտրությունն է, մենք միշտ ենք ասել այդ մասին, բայց հետո թող չզղջա, երբ պարզվի, որ չեն ստանալու ակնկալելիք դիվիդենդներն ու շահույթը, միաժամանակ կզրկվեն այն առավելություններից, որոնք կան, քանի որ մենք բացառիկ հարաբերություններ ունենք»,- ասել է Ռուսաստանի վարչապետը:
Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինայի կողմի եվրաինտեգրացման ընտրությունը Ռուսաստանի խանդը չի հարուցում:
«Նրանք մշտապես դիմում են, օրինակ, վարկերի համար: Վերպապես, եթե նրանք Եվրամիության հետ բարեկամական հարաբերություններ ունեն, ապա՝ վատ չէ, մեր հարաբերություններն էլ են բարեկամական ԵՄ հետ, թող վարկավորման համար Բրյուսելին դիմեն: Կարծում եմ, որ բնական է, խանդի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Reuters-ի աղբյուրը հաղորդում է, որ Բրյուսելը պատրաստ է Կիեւին 610 մլն եվրո վարկ տրամադրել, ինչպես նաեւ Միջազգային արժութային ֆոնդի հետ քննարկում է Ուկրաինայի հետ stand-by վարկային գծի բացման հնարավորությունը, այն դեպքում, եթե ԵՄ հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումից հետո «երկիրը հայտնվի Ռուսաստանի տնտեսական ճնշման ներքո»:




























