Երեւանի կրկեսի կոլեկտիվը վառ տոն է նախապատրաստել Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի բնակիչների համար: Մեր կրկեսային արտիստների ելույթները Տավուշի մարզում նախատեսված են նոյեմբերի 2-3-ին, իսկ Գեղարքունիքի մարզում՝ նոյեմբերի 9-10-ին:

Կրկեսի մամուլի ծառայությունից հայտնում են, թե դուետով հանդես եկող քույր եւ եբայր Անի ու Ռաֆայել Գասպարյանները հանդիսատեսին կներկայանան կրկեսային արվեստի ամենից հազվագյուտ՝ «Լիմբո» ժանրով պատրաստված համարով (անցում՝ տարբեր բարձրությւնների վրա դրվող ձողի տակով): Ընդ որում, նրանք այս ուրույն ժանրով իրենց համարը բարդացրել են դաշույնների գործածությամբ դրվագներով, որոնք հանդիսատեսները շատ են հավանել: Այդ համարը ներառված է նաեւ հյուրախաղային ծրագրում:

Իսկ Երեւանի կրկեսի այս ելույթների բազմաժանր ծրագրում, որ մշակել ու նախապատրաստել է Ենգիբարյանի անվան Կրկեսային ստուդիայի ղեկավար Նաիրա Պետրոսյանը, ներառված է նաեւ մարմնամարզական օղակներով համար՝ «Խուլախուպ», որը կներկայացնի ստուդիայի շրջանավարտ Մարիշոկը: Նա արդեն շահել է հանդիսատեսի համակրանքը:

Ներկայացման ընթացքում, որ սովորաբար մեկ ժամից ավելի է տեւում, իրենց պատրաստած ուշագրավ համարները կցուցադրեն իլյուզոնիստներն ու  ակրոբատները, ծաղրածուներն ու էկվիլիբրիստները, որ, ի դեպ, գործածում են ինչպես տարբեր մեծության կոճեր, այնպես էլ՝ աթոռներ:

Երեւանի կրկեսի առաջիկա ելույթների ժամանակացույցը.

Տավուշի մարզ

2-ը նոյեմբերի – Բագրատաշեն (ժ. 12:00-ին),  Նոյեմբերյան (ժ. 14:30-ին), Իջեւան (ժ. 18:00-ին)

3-ը նոյեմբերի – Բերդ (ժ. 12:00-ին), Դիլիջան (ժ. 17:00-ին)

Գեղարքունիքի մարզ

9-ը նոյեմբերի – Վարդենիս (ժ. 14:00-ին), Մարտունի (ժ. 17:00-ին)

10-ը նոյեմբերի - Գավառ (ժ. 14:00-ին) եւ Սեւան (ժ.17:00-ին):

Ելույթները նախատեսված են նշված քաղաքների եւ բնակավայրերի Մշակույթի տներում:

Հավելենք, որ շենքային պայմանների պատճառով Երեւանում հանդես գալու հնարավորությունից ժամանակավորապես զրկված մեր կրկեսի կոլեկտիվն ամբողջ տարվա ընթացքում հյուրախաղային ելույթներ է ունեցել Հայաստանի բազմաթիվ մարզերում: Երեւանի կրկեսի կոլեկտիվն ընթացիկ տարում, մինչ այս, հասցրեց իր ելույթներով ուրախություն պարգեւել Լոռու, Շիրակի, Սյունիքի եւ Արարատի մարզերի բնակիչներին ու հատկապես՝ փոքրիկներին: Նմանապես, իր պատմության մեջ առաջին անգամ, Երեւանի կրկեսն այս տարի հյուրախաղերով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: