Ռուսաստանը ցանկանում է գազ վաճառել, իսկ ԵՄ-ն ցանկանում է գնել այն: Մենք բոլորս՝ ԵՄ, Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք է բավական խելացի գործենք, որպեսզի խուսափենք կոնֆլիկտներից: Այդ մասին նոյեմբերի 4-ին եվրոպական էներգետիկայի ինտեգրացված ցանցի ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Գյունտեր Օտտինգերը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ցանկանում է, որ Ուկրաինան ներգրավվի Եվրամիության էներգետիկ ենթահամակարգ:

Ընդ որում նա ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի Եվրոպայի համար ներկրող լինել՝ նշելով, որ գոյություն ունեն եռակողմ հարաբերություններ ԵՄ-ի, Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ: «Դրանում բոլորն են շահագրգռված: Ռուսաստանը ցանկանում է վաճառել, իսկ ԵՄ-ն ցանկանում է գնել: Ես լավատեսորեն եմ տրամադրված: Կարծում եմ, մեզ հաջողվի խուսափել լուրջ խնդիրներից»,- հայտարարել է եվրահանձնակատարը:

Խոսելով Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի կնքման մասին՝ Կոմիսարը հույս է հայտնել, որ կողմերը կհանգեն համաձայնագրի ստորագրմանը: Նա նաեւ անդրադարձել է  Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակման հարցին՝ հավելելով, որ այդ առթիվ սպասում է  դրական լուծման:

Նշենք, որ նոյեմբերի 4-ին Վիլնյուսում անցկացվել է կոնֆերանս «Ավարտին հասցնելով էներգետիկային ներքին շուկան. ստեղծելով եվրոպական էներգետիկայի ինտեգրացված ցանց», որին մասնակցել է էներգետիկայի հարցերով Եվրամիության կոմիսար Գյունտեր Օտտինգերը: