ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորն ու Ջեյմս Ուորլիքը, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը նոյեմբերի 4-5-ին այցելել են տարածաշրջան՝ կողմերին օգնություն ցուցաբերելու եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու համար: Այդ մասին ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ:

«Նրանք Բաքվում նոյեմբերի 4-ին հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիեւի, իսկ նոյեմբերի 5-ին, Երեւանում Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ՝ քննարկելու ղարաբաղյան կարգավորման համար կարեւոր նշանակություն ունեցող հարցեր: Նրանք նաեւ հանդիպել են երկու երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ:

Նախագահները հայտնել են իրենց համաձայնությունը նոյեմբերին հանդիպելու եւ կարգավորման ուղիները քննարկելու համար:

Համանախագահները շարունակում են աշխատել առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման վրա: Նրանք կողմերին կոչ են անում տեղերում, նաեւ իրենց հրապարակային հայտարարություններում զսպվածություն դրսեւորել: Ռազմական գործողությունները, մասնավորապես, այս պահին կարող են դիտարկվել միայն որպես խաղաղ գործընթացին վնաս հասցնելու փորձ»,- նշել են համանախագահները: