Ֆրանսիայի Դիմադրական շարժման հայ մասնակիցների ու վետերանների ազգային միավորումը նոյեմբերի 17-ին կնշի Միսաք Մանուշյանի ձերբակալության 70-ամյակը ֆրանսիական Էվրի քաղաքում, որտեղ նրան ու Ջոզեֆ Էպշտեյնին ձերբակալել էր ֆրանսիական ոստիկանությունը: Այդ մասին գրում է «Nouvelles d՝Arménie»-ն:
Հիշատակի հարգման միջոցառմանը կմասնակցի Ֆրանսիայում վետերանների հարցերով նախարար-պատվիրակ Քադեր Արիֆն, ինչպես նաեւ Էվրիի քաղաքապետ Ֆրանսիս Շուան, տեղական գործիչներ:Նշենք, որ հայկական ծագմամբ ֆրանսիացի հակաֆաշիստ, Ֆրանսիայի ազգային հերոս, աշխատավոր կոմունիստ, գրող ու թարգմանիչ Միսաք Մանուշյանը 1943թ.-ի նոյեմբերի 16-ի առավոտյան ձերբակալվել էր գերմանական հրամանատարության կողմից Էվրիի ընդհատակյա շտաբ-բնակարանում: Խմբի հետ կապերի կասկածանքով ձերբակալել էին 68 հոգու: Ինքը Մանուշյանը տանջանքների էր ենթարկվել ու 3 ամիս անց՝ 1944թ.-ի փետրվարին, 37 տարեկան հասակում «Մանուշյանի խումբ» անվամբ հայտնի իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի էր ենթարկվել:





























