Նոյեմբերի 16-ին Նոր Արեշի վարձակալած տանը տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի մարմինը 3 օրվա ընթացքում Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը կուղարկի Նյու Դելի, քանի որ Դենիշի ծնողները չեն կարողանում Հայաստան գալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դենիշի՝ Հայաստանում բնակվող ընկերներից մեկը։
«Դենիշի ծնողների խնդրանքով այսօր դիմել եմ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն, խոսել եմ անձամբ հյուպատոսի հետ, որն էլ ասաց, որ ամենաուշը 2-3 օրից մարմինը կուղարկեն Հնդկաստան: Դենիշի մարմինն ուղարկելու հարցերով հենց նա է զբաղվում»,- ասաց ազգությամբ հնդիկ ուսանողը:
Նա տեղյակ չէ, թե ինչու Դենիշի ծնողները չեկան. «Սկզբում ասել էին, որ անպայման գալու են, սակայն երեկ գիշեր զանգեցին ու խնդրեցին՝ մարմինն ուղարկենք: Դե ես էլ դիմեցի դեսպանատուն»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 16-ին ոստիկանությունը քաղաքացու ահազանգով մեկնել էր Երեւանի Նոր Արեշի 8-րդ փողոցի 21 տուն, եւ գտել փողոցում ընկած ազգությամբ հնդիկ, 1985թ. ծնված Դենիշ Բաբուին՝ դանակի վնասվածքներով։ Երիտասարդը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին։ Ոստիկանությունը դեպքից հաշված ժամեր անց հաղորդագրություն տարածեց, ըստ որի, Հնդկաստանի քաղաքացին իր վարձակալած տանը ամուսնության առաջարկ է արել ՀՀ քաղաքացի Աստղիկ Աղաջանյանին, եւ մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետեւ նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:




























