Շիրակի մարզի կրթության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու եւ առկա խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի: Նախարարի այցը մեկնարկել է «Ֆոտոն» վարժարանից, որը նախորդ ուսումնական տարում անցել է ԿԳՆ ենթակայության տակ: Նախարարը շրջել է դպրոցում, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ, ծանոթացել խնդիրներին եւ արձանագրված արդյունքներին, որոնք այս վարժարանում տպավորիչ են՝ աշակերտները հանրապետական օլիմպիադաներում ապահովել են մրցանակային տեղեր: 700 աշակերտ ունեցող դպրոցում դասերը կազմակերպվում են 2 հերթափոխով, ինչը լրացուցիչ բարդություն է առաջացնում: Նախարարը տեղեկացրել է, որ հաշվի առնելով խնդիրը՝ վարժարանին հատկացվել է նոր մասնաշենք, որը հնարավարություն կընձեռի դասերը կազմակերպել մեկ հերթափոխով: Քննարկման ընթացքում աշակերտներն ու մանկավարժները հարց են բարձրացրել՝ համակարգչային տեխնիկայով համալրելու հետ կապված: Նախարար Ա.Աշոտյանը նշել է, որ նախարարության կողմից դպրոցն աջակցություն կստանա:
ՀՀ ԿԳ նախարարի հաջորդ կանգառը Գյումրիի պետական բժշկական քոլեջում էր, որը նախկինում գործել է առողջապահության համակարգում: Քոլեջի ուսանողների ու մանկավարժների հետ հանդիպման ժամանակ հարց է բարձրացվել բժշկական քոլեջը ԿԳՆ ենթակայության ներքո տեղափոխելու պատճառների վերաբերյալ: Ի պատասխան՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է. «Կրթության համակարգում քաղաքականությունը պետք է միասնական լինի՝ սկսած ուսանողների իրավունքներից մինչեւ կրթական ծրագրեր»: Քոլեջն ունի 650 սովորող, շենքը հին է եւ ունի վերանորոգման կարիք: Ուսանողները որպես խնդիրներ նշել են հայերենով ուսումնական գրականության պակասը եւ տեխնիկական սարքավորումների բարելավումը:
Նախարար Ա. Աշոտյանն այցելել է Գյումրու արվեստի բուհեր եւ հանդիպում ունեցել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի եւ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ: Արվեստի բուհերի ներկայացուցիչները մտահոգություններ են ներկայացրել նախարարին՝ բուհերի մասնաճյուղերի միավորման վերաբերյալ կառավարության կողմից մշակված նախագծի առնչությամբ: Հիմնականում շեշտվել է այն տեսակետը, որ բուհերն անընդունելի են համարում մասնաճյուղերի միավորումը: ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով Գյումրիում մշակույթի կամ արվեստի համալսարան հիմնելու կառավարության մտադրությունը, նշել է, որ հիմնական նպատակը Գյումրին մշակութային մայրաքաղաք դարձնելու ծրագրի իրականացումն է: "Ես հասկանում եմ բոլոր մտահոգությունները, որոնք վերաբերում են նոր բուհի ստեղծմանը, սակայն կարծում եմ՝ կա հստակ թյուրընկալում: Որեւէ բուհ Գյումրիում չի փակվում, որեւէ ստեղծագործողի վտանգ չի սպառնում, որեւէ արվեստի մասնագիտության գոյությունը վտանգված չէ, նման մտադրություն չկա ու չի եղել: Խոսքն ընդամենը բուհերի վերամիավորման մասին է, որը հնարավորություն կտա Գյումրիում ստեղծել ավելի հզոր ու մրցունակ համալսարան: Հավատացնում եմ, որ նոր համալսարանի հիմնադրումը զուտ տնտեսական առումով պետության համար ավելի ծախսատար է, քան արվեստի բուհերի մասնաճյուղերի պահպանումը: Սակայն կառավարությունն այս պահին պատրաստ է գնալ այդ քայլին:
Ժամանակակից կրթության զարգացման միտումները ցույց են տալիս, որ փոքր բուհերն ու բուհերի մասնաճյուղերը չունեն ապագա: Բուհերի խոշորացումն անխուսափելի գործընթաց է, որին վաղ թե ուշ, համոզված եմ, մենք գնալու ենք՝ ավելի որակյալ բուհական կրթություն ապահովելու համար: Շատ կարեւոր է, որ դուք՝ ուսանողներդ եւ դասախոսներդ հավատաք այդ նոր գաղափարին, որովհետեւ դուք եք լինելու այդ գաղափարի կրողն ու իրականացնողը: Եթե դուք այդ գաղափարին չեք վստահում, մենք չենք կարող հաջողություն ունենալ: Չէի ուզենա տպավորություն թողնել, թե եկել եմ գյումրեցուն ինչ-որ բան համոզելու: Իբրեւ կրթության եւ գիտության նախարար՝ հանձնարարություն եմ ստացել վարչապետից ՝տեղում ծանոթանալ իրավիճակին: Վստահ եղեք, որ ձեր մտահոգությունների ու կարծիքի հետ կառավարությունն անպայման հաշվի է նստելու: Վստահեցնում եմ ձեզ, որ ընդդեմ գյումրեցու հավաքական կարծիքի՝ որեւէ քայլ չի արվելու",- հանդիպման ժամանակ նշել է Ա. Աշոտյանը: ԿԳ նախարարի այս հայտարարությունը ներկաների կողմից ընդունվել է ոգեւորությամբ եւ ծափերով: Այնուհետեւ նախարարը դիտել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ցուցահանդեսը:
ՀՀ ԿԳ նախարարի Շիրակի մարզ կատարած այցն ամփոփվել է մարզպետարանում՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ համատեղ կրթության հարցերին նվիրված խորհրդակցությամբ:




























