Ճանաչված հաղորդավարուհի Թինա Կանդելակիին հայրենի Վրաստանում չեն սպասում: Ըստ նրա՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իրեն հասկացրել է, որ անցանկալի հյուր է հայրենիքում: Ռուսական հեռուստատեսության աստղը որոշել է մեկնել Վրաստան՝ տեսակցելու հարազատներին եւ մտերիմներին, բայց չի հասցրել հավաքել ճամպրուկները, երբ անսպասելի հաղորդագրություն է ստացել:

«Ինձ այդ մասին ասացին վրացի ծանոթները, որ իմ նկատմամբ վերաբերմունքը նախագահի քաղաքականությունն է: Եւ ես որոշեցի ռիսկի չդիմել, քանի որ ցավալի փորձ արդեն ունեմ: Որոշ ժամանակ առաջ վրացական մաքսատանը ինձնից վերցրել էին անձնագիրս, ասել էին, թե ինչ-որ մեկը գողացել է եւ միայն երկու օր անց վերադարձրին: Ես չեմ հավատում, որ անձնագիրս կարող էր վերցնել անծանոթ մեկը, ապա այն այդքան հեշտ գտնվեր»,- ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի»՝ ասել է Կանդելակին:

Կանդելակին հայտնել է, թե երբեք չի մտածել, որ Վրաստան մեկնելու համար անհրաժեշտ է նախագահի թույլտվությունը: «Նախկինում վրացի տղամարդկանց մասին Ռուսաստանում լեգենդներ էին պտտվում, իսկ Սահակաշվիլին հօդս ցնդեցրեց դրանք»,- ասել է նա՝ նախագահին «ոչ սպորտային եւ ոչ սեքսուալ տղամարդ» անվանելով: Կանդելակին նաեւ հույս է հայտնել, որ ամռանն արդեն կմեկնի Սահակաշվիլիի կապանքներից ազատված Վրաստան: «Վրաստանի հասարակությունը ցանկանում է բարելավել հարաբերությունները ռուսների հետ, իսկ Սահակաշվիլին՝ ի դեմս Ռուսաստանի տեսնում է թշնամու»։